


Գերմանիան տեղի չի տա Թուրքիայի ճնշմանը և չի հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումից: Ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՅԴ «Հայ դատի» Երևանի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշել է, որ ինչպես Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, այնպես էլ Բունդեսթագում ներկայացված կուսակցությունները, բազմիցս հայտարարել են, որ հայերի կոտորածը ցեղասպանություն է, հտևաբար բանաձևի ընդունումը հետաձգվել է բանաձևն անխոցելի և անվիճելի դարձնելու նպատակով: «Գերմանիայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հետընթաց քայլ հնարավոր չէ, քանի որ կուսակցությունները հանդես են գալիս բանաձևի օգտին, ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հատուկ հայտարարություններով հանդես են եկել Բողոքական եկեղեցին և հրեական համայնքը», - նշել է նա:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն, իր հերթին, կարծում է, որ բանաձևի ընդունման շուրջ քվեարկությունը հետաձգելու Բունդեսթագի որոշումը պայմանավորված է այն հանգանաքով, որ ԱՄն նախագահ Բարաք Օբաման չի ցանկանում արտաբերել «ցեղասպանություն» բառը: «Կարծում եմ, Բունդեսթագի որոշումը թելադրված է ԱՄՆ դիրքորոշմամբ», - նշել է նա, ընդսմին հավելելով, որ Գերմանիայի խորհրդարանի որոշման վրա կարող է ազդել նաև երկրի բազմամիլիոնանոց թուրքական համայնքը:
Ապրիլի 24-ին Գերմանիայի Բուդնեսթագը մինչև ապրիլի 30-ը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի շուրջ քվեարկությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ չէ Բունդեսթագի բանաձևում « ցեղասպանություն» տերմինի կիրառմանը, ընդ որում նախազգուշացնելով Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին` նման փաստաթղթի ընդունման դեպքում:



