Արմինֆո. «Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին:
«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։
Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար», - ասվում է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17 - ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը' Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ստացել է 65 մանդատից 24-ը, "Ազգային առաջընթաց" կուսակցությունը' նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ունի 14 մանդատ, "Հանրապետություն" կուսակցությունը' նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ' 8 մանդատ, եւ "Հանրային ձայն" կուսակցությունը' սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ' 7 ձայն: Ուժերից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայներից 50 տոկոսից ավելին, ուստի քաղաքապետ կարող է ընտրվել միայն կոալիցիայով։ Ավելի վաղ Վարդան Ղուկասյանն արդեն տեղեկացրել էր, որ իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է վաղվա նիստին: "Ռոբասերժական կլանը չպետք է ուժեղացնի իր դիրքերը։ Ես, որպես ընդդիմադիր, նախընտրում եմ, որ դրանք չուժեղանան", - հայտարարել է նա։ Սա, ըստ էության, նշանակում է, որ տվյալ քաղաքական ուժը չի բոյկոտելու նիստը։ Նույնը վերաբերում է նաև "Հանրապետություն" կուսակցությանը ։ Այժմ, եթե "Հանրային ձայնը" հոկտեմբերի 10-ի նիստին մասնակցի "Քաղաքացիական պայմանագիր" և "Հանրապետություն" կուսակցությունների հետ և առաջադրվի միայն մեկ թեկնածու, ապա քաղաքապետ դառնալու համար թեկնածուին անհրաժեշտ կլինի ընդամենը 27 ձայն: Դատելով ուժերի դասավորությունից՝ իշխող կուսակցությանը պակասում է ընդամենը երեք ձայն, եւ տվյալ դեպքում առանցքային նշանակություն կունենա այն, թե ինչպես կքվեարկի "Հանրապետություն" կուսակցությունը: