Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:
«Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:
Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա», - գրել է Թաթոյանը:
Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով ՝ ttps://www.facebook.com/100017676420633/videos/266698479674063
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելությունն Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորությամբ հոկտեմբերի 1-ի երեկոյան ամփոփել էր Լեռնային Ղարաբաղ կատարած մեկօրյա այցի արդյունքները: Տարածված հայտարարության մեջ դիտորդները նշում են, որ իրենց ստացած տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ: "Առաքելությունը ցնցված է այն բանից, թե ինչպես հանկարծ տեղացիները լքեցին իրենց տները, ինչպես նաեւ այն տառապանքներից, որոնք կարող էին պատճառ դառնալ", - ցինիզմով հայտարարել են ՄԱԿ-ի առաքելությունում: Ավելին, ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարում են, որ "ոչ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ոչ էլ իրենց զրուցակիցներից վերջին զինադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կիրառման մասին որևէ հաղորդում չեն լսել": Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ "այն վայրերում, ուր իրենք այցելել են, չեն հայտնաբերել քաղաքացիական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնաս կամ ավերածություններ, ինչպես նաև սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ": "Այս փուլում դժվար է հասկանալ, թե արդյոք տեղի բնակչությունը մտադիր է վերադառնալ ։ Պարզ է, որ վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա, իսկ դա ժամանակ եւ ջանք է պահանջում բոլոր կողմերից", - ընդգծում է միջազգային կառույցի թիմը, վստահեցնելով, որ ՄԱԿ-ը "պատրաստ է աջակցել [Լեռնային Ղարաբաղում] մնացած բնակչությանը եւ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ":
Հայտարարության համաձայն, ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեկօրյա այցի ընթացքում եղել են Ակնայում, Ստեփանակերտում և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում: Ըստ հաղորդագրության, դիտորդների մուտքը գյուղական բնակավայրեր "սահմանափակվել է": Արցախի տարածքում ադրբեջանական զինուժի վայրագությունների բազմաթիվ լուսանկարների, տեսանյութերի ֆոնին, ՄԱԿ-ի առաքելության այս հայտարարությունն ավելի շատ զառանցանք էր հիշեցնում, քան իրական անկողմնակալ զեկույց իրադարձությունների վայրից: