Արմինֆո. Բոլորի համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ը ոչ մի կապ չունի արդարադատության հետ՝ բառի իսկական իմաստով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ՌԲԿ-ի հարցազրույցում անդրադառնալով ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը:
Գալուզինը կարծում է, որ դա քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը կատարում է Արևմուտքին ոչ ձեռնտու գործիչների քրեական հետապնդման պատվերներ։ "Այդ դատարանը որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալման օրդեր է հրապարակել ։ Նշեմ փակագծերում, որ, իհարկե, այդ օրդերներն իրավաբանորեն բացարձակապես առոչինչ են։ Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ ՄՔԴ-ի բացարձակ քաղաքականացված թշնամական դիրքորոշման ֆոնին մեր դաշնակից Հայաստանը որոշում է կայացնում այդ դատարանի կանոնադրությունը վավերացնելու մասին ։ Ինչպես պետք է ընկալենք նման քայլը ։ Միայն՝ որպես, մեղմ ասած, անբարյացակամ:
Մենք ակնկալում էինք, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից։ ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հանդիսանում Հռոմի ստատուտի ստորագրողներ, միանգամայն հնարավոր է դիմել այդ դատարանի ծառայություններին, նույնիսկ, առանց Հռոմի ատատուտը վավերացնելու: Այս պարադիգմում ես հնարավորություն չեմ տեսնում լուրջ վերաբերվել Հայաստանի այդ առաջարկին", - ասել է նա։
Անդրադառնալով Երևանի և Մոսկվայի միջև ինչ-որ երկկողմ փաստաթուղթ կնքելու հնարավորությանը, ինչի մասին հայտարարել է հայկական կողմը, Գալուզինը, մասնավորապես, ասել է. "Եվս մեկ անգամ կրկնում եմ, դուք մեջբերում եք հայկական կողմի առաջարկն այն մասին, որ ՄՔԴ-ի բացարձակ ոչ իրավաչափ, անարդար, քաղաքականացված գործողությունների ֆոնին, որոնք արտահայտվել են, այսպես կոչված, օրդերների հրատարակմամբ, մենք մեզ համար փնտրենք ինչ-որ միջոցներ պաշտպանվելու ապրիորի ոչ իրավաչափ որոշումներից, որոնք մենք չենք ընդունում։ Եվ այս համատեքստում մենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ ենք համարում մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին՝ հիշյալ օրդերների առկայության ֆոնին։ Այստեղ ես երկխոսության դաշտ չեմ տեսնում", - ընդգծել է նա։
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, և այն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
Հավելենք, որ ընթացիկ տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Սակայն հայկական կողմը նշում է, որ փաստաթղթի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ աղբյուրը հայտնել էր, որ ռուսական կողմը հայ գործընկերներին նախազգուշացրել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների համար խիստ բացասական հետևանքների հնարավորության մասին՝ Հռոմի ստատուտին միանալու դեպքում: ՌԴ ԱԳՆ-ում նաև հավելել , որ Մոսկվան անընդունելի է համարում ՄՔԴ-ի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը ՝ ՌԴ ղեկավարության նկատմամբ օրդերների ֆոնին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ