Արմինֆո. ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածություններ չի հայտնաբերել, պաշտամունքային կառույցները չեն վնասվել, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:
"Մեկօրյա առաքելություն, որն ըստ էության արել է այն, ինչ հնարավոր է այս իրավիճակում ։ Հնարավոր է, որ այս իրավիճակում դա բնակիչների հարցումն է եւ զննումը, թե կատարվածն ինչքանով է ազդել ենթակառուցվածքների, առաջին հերթին, քաղաքացիական օբյեկտների վրա։ Մենք այժմ սպասում ենք այդ առաքելության հաշվետվությանը, առայժմ, այն, ինչ ստացվել է, վկայում է այն մասին, որ լուրջ ավերածություններ չկան, որ չեն վնասվել պաշտամունքային կառույցները", - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" -ն։
"Առաքելության ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, թե որքան արագ է հայ բնակչությունը հեռացել Լեռնային Ղարաբաղից", - նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: "Այստեղ դեռ պետք է ուշադիր կշռադատել ու նայել։ Ամեն դեպքում, ՄԱԿ - ի նման առաքելությունը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ մուտք է գործել այդ տարածք", - եզրափակել է Վերշինինը։
Նշենք, որ ՄԱԿ-ի առաքելությունն Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորությամբ հոկտեմբերի 1-ի երեկոյան ամփոփել է Լեռնային Ղարաբաղ կատարած մեկօրյա այցի արդյունքները: Տարածված հայտարարության մեջ դիտորդները նշում են, որ իրենց ստացած տվյալների համաձայն ՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ: