


Արմինֆո. Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստան է ժամանում ԵՄ մարդասիրական օգնության և ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը: Այս մասին հաղորդում է europapress-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովը։
Աղբյուրի համաձայն, Լենարչիչը Հայաստան է ժամանում փախստականների հետագա կարիքները գնահատելու նպատակով: Նա բանակցություններ կվարի հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների հետ, կքննարկի բռնի տեղահանված արցախցիների հումանիտար և սոցիալական խնդիրները, կայցելի փախստականների տեղավորման կենտրոններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը 25,4 մլն եվրոյի հասցնելու մասին: Ավելի վաղ արդեն հայտարարված 10,4 մլն եվրոյին կավելանա ևս 15 մլն եվրո, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված քաղաքացիներին օգնություն տրամադրելուն:
Ավելի վաղ Լենարչիչը կոչ էր արել ԵՄ-ին պատրաստվել Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքին: Նա իր հայտարարությունում ընդգծել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի աջակցել Լեռնային Ղարաբաղից փախած հազարավոր մարդկանց: "Առավել ևս, որ առաջիկա ձմեռը, հավանաբար, փախստականներին լրացուցիչ մարտահրավերների առջև կդնի", - նշել էր Լենարչիչը:



