Արմինֆո.ՌԴ խաղաղապահ զորակազմն այլևս ոչ ոք չունի պպաշտպաանելու, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ "Գովորիտ Մոսկվա" ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը "հարված է հասցրել" Ռուսաստանի դիրքերին։ "Սահակյանի և Ղուկասյանի ձերբակալությունը, որը, փաստացի, կատարվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի աչքի առաջ, իմ կարծիքով, շատ լուրջ դաս է ոչ միայն Հայաստանում դավաճանական իշխանությանը, այլև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք՝ խաղաղապահությունն այդ տարածաշրջանում: Ռուսաստանի որոշ պաշտոնական գործիչներ հասել են այն բանին, որ հրապարակավ հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար ոչ մի մեղավոր չպետք է փնտրել, դա, իբր, կամավոր գործողություն է։ Սա խայտառակ հայտարարություն է, որը վարկաբեկում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։ Այն փաստը, որ բոլոր հայերը հեռացել են Լեռնային Ղարաբաղից, նշանակում է, որ այդ պահին նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։ Ակնհայտ է, որ ցանկացած դասավորության դեպքում մեր զորախմբի օրերը Լեռնային Ղարաբաղում հաշված են, քանի որ ում է, ըստ էության, նա պաշտպանելու, եթե այնտեղ ոչ ոք չի մնացել։ Չէ որ նա չի հետևելու փողոցային երթևեկության կանոններին Ստեփանակերտ քաղաքում, որն այժմ պաշտոնապես ադրբեջանցիներն անվանում են "Խանքենդի"։ Դա, պարզապես, ժամանակի հարց է, ընդ որում՝ քիչ ժամանակի։ Ահա թե ինչ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակման արդյունքում, հարված հասցրեց տարածաշրջանում մեր դիրքերին", - նշել է ռուս պատգամավորը։
Կոնստանտին Զատուլինը հավելել է, որ Բաքվի գործողությունները "վարկաբեկեցին" Ռուսաստանին ՝ որպես ուժեղ տերություն: "Մարդիկ, ովքեր ինչ-որ առավելություններ են գտնում նրանում, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, չեն հասկանում, թե դրանից հետո ջրի վրա ինչ շրջանակներ են ցրվել ողջ Կովկասով, եւ ինչպես է դա վարկաբեկել Ռուսաստանին՝ որպես հզոր տերություն, որն ի վիճակի է իր գիծը գծել տարածաշրջանում։ Արդեն Վրաստանում սկսել են խոսել, որ պետք է հետևել Ադրբեջանի օրինակին և նույն կերպ հետ գրավել Աբխազիան եւ Հարավային Օսիան։
Դա, իհարկե, տեղի չի ունենա, բայց այն փաստը, որ սահակաշվիլիականները նորից գլուխն են բարձրացրել այնտեղ և այլուր, ավելորդ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի օրինակը վարակիչ է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ սխալ է թույլ տվել, քանի որ չափն անցել է. եւ ձերբակալությունները, եւ այն, որ այդ կերպ, փաստացի, հայերին վտարել է Լեռնային Ղարաբաղից: Դա երկար ժամանակ առնչվելու է Ադրբեջանի կերպարին, աշխարհում նրա հնարավորություններին եւ այլն, ով ինչ էլ որ փնտրի. օգուտ, նավթամթերք եւ մնացած ամեն ինչ", - ամփոփել է նա