


Հայաստանը պատշաճ մակարդակով նշեց Հայոց ցեղասպանոթյան 100-րդ տարելիցը, աշխարհը հայ ժշողովրդի հետ կիսեց նրա վիշտը, ինչի վկայությունն է`օտարերկրյա տարբեր գործիչների, միջազգային կառույցների և ազգային խորհրդարանների հայտարարությունները: Այս մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Բայց ապրիլի 25-ից մեր երկիրը վերադարձավ իր սովորական հունին - համատարած կոռուպցիային, անարդարությանը, համընդհանուր աղքատությանը, զանգվածային արտագաղթին: Հարց է առաջանում, արդյո՞ք մենք ճիշտ նշեցինք Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոչ, ճիշտ չնշեցինք: Հիշատակման այդ օրը ճիշտ նշելու համար մենք պետք է ունենայինք ուժեղ պետականություն, որը հիմնված պետ է լիներ ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների պաշտպանության, զարգացած տնտեսության վրա»,-հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
Իր հերթին, ՀԱԿ մյուս պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը նույնպես նշել է, որ Ցեղասպանոթյան 100-րդ տարելիցի միջոցառումներն անցան պատշաճ մակարդակով, և աշխարհը ցույց տվեց, որ հայ ժողովրդի հետ միասին պայքարում է հանուն արդարության: «Բայց հայ ժողովրդի նպատակներին հասնելու հանար պետք է ձևավորենք ուժեղ պետականություն, ինչն անհնար է իշխանությունը զավթած այս ռեժիմի հետ, որն իր ձեռքում է կենտրոնացրել ֆինանսական բոլոր ռեսուրսները: Այսօր երկրում տիրում է համատարած կոռուպցիա, սոցիալական անարդարություն, տնտեսական ճգնաժամ, իսկ այդ պրոբլեմները սահմանադրական բարեփոխումները չեն կարող լուծել: Կառավարման ինչպիսի համակարգ էլ որ լինի հանրապետությունում – նախագահական, թե կիսանախագահական, առանց այդ պրոբլեմների լուծման Հայաստանը կվերածվի միջնադարյան ֆեոդալական երկրի»,-հայտարարել է Դեմիրճյանը:



