Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները, որոնք ավելի վաղ գերեվարել էին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նրան մեղադրանք են առաջադրել ադրբեջանական քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով:
Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ տեղեկատվության մեջ նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով:
Ըստ ադրբեջանական կեղծ արդարադատության վարկածի՝ Հարությունյանը, իբր, մասնակցել է "զավթողական պատերազմին՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, հավաքագրել վարձկանների, վարժանքներ անցկացրել նրանց հետ և ֆինանսավորել, կազմակերպել նրանց ներգրավումը զինված հակամարտությունում և ռազմական գործողություններում, խախտել է միջազգային իրավունքի նորմերը զինված հակամարտության ժամանակ, հանցավոր հրամաններ է տվել զինված հակամարտության ժամանակ" ։ Նրան մեղսագրվում են մի շարք այլ հանցագործություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այսօր համացանցում հայտնվել են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման տեսագրությունները:
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԶՈՒ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի (2007-2020 թթ.), Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի (1997-2007 թթ.), Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2020-2023 թթ.),) Արայիկ Հարությունյանի գերեվարման փաստը: