Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայության առնչությամբ:
Հոկտեմբերի 4-ին ճեպազրույցի ընթացքում Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության նպատակահարմարությունը մեկնաբանելու խնդրանքին՝ ողջ հայ բնակչության արտագաղթի ֆոնին, նշել է, որ չի ցանկանում շահարկել այդ թեման։
"Իհարկե, նման ներկայությունը, նախկինի պես, մտահոգություն է հարուցում։ Սակայն, Միացյալ Նահանգները պատրաստվում է այսուհետ ևս իր ուշադրությունը սևեռել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ այդ հարցի շուրջ փոխգործակցության վրա և անել հնարավորը, որպեսզի շարունակի պահպանել արժանապատիվ և կայուն խաղաղություն", - ասել է նա ՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք կարող է այնպես լինել, որ տարածաշրջանում ռուսական ներկայության իրական նպատակը ոչ թե խաղաղության ապահովումն է, այլ "մի կտոր Արցախի"պահպանումը։
Ճշգրտղ հարցին, թե "արդյոք ԱՄՆ-ը կպաշտպանի Հայաստանին ռուսական հավանական ագրեսիայից", Պատելը պատասխանել է, որ դա բավականին հիպոթետիկ պնդում է, և ինքը չէր ցանկանա մանրամասնել:
"Սակայն ես կասեմ, որ Միացյալ Նահանգները շարունակելու է դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում փոխգործակցության մեջ ՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար։ Եվ դուք նաև տեսաք, թե ինչպես ենք մենք անցյալ շաբաթ և դրանից հետո կրկնում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որպեսզի ապահովենք թափանցիկություն և վստահություն, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը կպահպանվեն և պաշտպանված կլինեն, հատկապես, նրանց համար, ովքեր կարող են ցանկանալ վերադառնալ: Ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության համար, ինչը, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին, ինչպես նաև նրա միջազգային պարտավորություններին", - հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Գնահատելով Արցախ այցելած ՄԱԿ-ի գնահատման առաքելության եզրակացությունները՝ Պատելը նշել է, որ ԱՄՆ-ը, իհարկե, գնահատում է համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի այս մեկնաբանությունները: "Սակայն դա չի փոխում ԱՄՆ-ի տեսակետն այդ հարցի վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատալ, նույնիսկ, ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեծ ցանկություն և անհրաժեշտություն կա: Մենք կարծում ենք, որ դա կապահովի թափանցիկություն, մենք կարծում ենք, որ դա կապահովի համապատասխան երաշխիքներ տարբեր իրավունքների և երաշխիքների համար, որոնք մեզ դեռ խորապես անհանգստացնում են",-եզրափակել է նա: