Արմինֆո.Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեռեւս փորձում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
"Այժմ վաղաժամ է խոսել հանդիպման մասին։ Մինչև վաղը գիշեր պարզ կլինի", - պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ին հաջողվում է հանդիպում կազմակերպել երկու առաջնորդների միջև։
Դիվանագետի խոսքով ՝ ԵՄ-ը փորձում է "երկու գումարած երեք" ձեւաչափով հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրախորհրդի մասնակցությամբ, որպեսզի "առաջընթացի հասնի Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում՝ չնայած բավական լուրջ իրավիճակին տեղերում", - հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվում է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում՝ ԵՄ միջնորդությամբ: Բանակցությունների օրակարգում, ըստ հայտարարությունների, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների շարունակումն է։