Արմինֆո.ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում ՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ:
Ինչպես գրում Է POLITICO - ն, այդ հանդիպումը նշանավորում է Մոսկվայի և Արևմուտքի միջև հազվագյուտ, թեև, ի վերջո, անհաջող շփում անվտանգության լուրջ խնդրի շուրջ՝ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո:
Բարձրաստիճան դիվանագետը, որը ծանոթ է քննարկումների ընթացքին, POLITICO-ին հաղորդել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջինս դադարեցնի անկլավի իննամսյա շրջափակումը եւ թույլ տա Հայաստանից հումանիտար օգնություն փոխադրող ավտոշարասյուններ բաց թողնել: Նրա ասելով՝ հանդիպմանը հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել այն բանի վրա, թե ինչպես կարելի է այդ անիծյալ բեռնատարները տեղափոխել և ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումը կարող է հասնել 100,000 բնակչի:
ԱՄՆ-ը ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն (ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ-խմբ.), իսկ ԵՄ-ն ուղարկել էր իր հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ռուսաստանը գործուղել էր Իգոր Խովաևին, ով հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցերով ՌԴ հատուկ բանագնացը (ռուս համանախագահ - խմբ.):
Աղբյուրը, մատնանշելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև նման հանդիպումների հազվադեպությունը, նշել է, որ ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է համապատասխան զրուցակիցների հետ կապի ուղիների պահպանման կարևորության մասին ՝ թյուրիմացություններից խուսափելու համար: Պաշտոնյան նաև նշել է, որ Կլաարը վերջին տարիների ընթացքում ձգտել է պահպանել կապի գծերը բազմաթիվ ճակատներում, այդ թվում ՝ Խովաևի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ բանակցություններում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը, հայտարարելով միայն, թե իրենք "չեն մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները": Սակայն հարցին ծանոթ ամերիկացի պաշտոնյան բացատրել է, որ քննարկումներն առաջացել են այն ըմբռնումից, որ Կրեմլը նախկինի պես վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում: "Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցի շուրջ, քանի որ նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես հիմա, երբ մենք վտանգավոր պահ ենք ապրում", - ասել է ամերիկացի պաշտոնյան ՝ անանունության պայմանով: