Արմինֆո. Այսօր Ալիևի ցեղասպան ռեժիմը կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը հիշեցրել է, որ ավելի վաղ ալիևյան ռեժիմը ձերբակալել էր Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, չճանաչված հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին:
Իրավապաշտպանի խոսքով՝ նրանք բոլորն այժմ քաղաքական բանտարկյալներ են աշխարհի գլխավոր բռնապետներից մեկի ձեռքում, որն ունի ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, կոռուպցիայի եւ բազմաթիվ այլ զանգվածային վայրագությունների հարուստ պատմություն: Այդ մարդկանց հետապնդում են, պարզապես, այն բանի համար, որ նրանք պաշտպանում են իրենց ժողովրդին և պայքարում ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի գերակայության համար։ «Մնացածը հեքիաթներ են։ Թքած Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ձեր երաշխիքների վրա» ,- գրել է Բեգլարյանը։
Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Բաքվի ռեժիմն առայժմ չի մեկնաբանում և պաշտոնապես չի հաստատում այդ տեղեկատվությունը: