Արմինֆո.Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այս շաբաթվա վերջին իսպանական Գրանադայում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին նա հաղորդել է «Եվրոնյուզ»-ի հետ հարցազրույցում։
Ընդ որում, ճշգրտող հարցին, թե ինչպես կարելի է վստահություն ստեղծել հայերի և ադրբեջանցիների միջև այն պայմաններում, երբ հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, Միշելը, մասնավորապես, ասել է. "Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա մեծ պատասխանատվություն է ընկնում այն պահից, երբ նա սկսեց ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի, միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի դիտարկման գործում, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը":
Բրյուսելի հարաբերությունները Բաքվի հետ շարունակում են մնալ բարդ, բայց՝ հեռանկարային։ Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ ԵՄ խորհրդի ղեկավարն ասել է, որ Կովկասում անվտանգության ամրապնդման եւ համագործակցության զարգացման ջանքերում պետք է ավելի շատ ներգրավել Ադրբեջանին: «Նա այսօր գործընկե՞ր է։ Այո, նա գործընկեր է: Արդյո՞ք սա նշանակում է, որ հարաբերությունները պարզ են: Ոչ, հարաբերությունները պարզ չեն: Արդյո՞ք դա նշանակում է, որ այս հարաբերություններում կան դժվարություններ: Այո, իրականությունը դժվար է, և դա պետք է հասկանալ", - ասել է Միշելը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվում է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում: Բանակցությունների օրակարգում, ըստ հայտարարությունների, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների շարունակումն է։