Արմինֆո.Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ին կոչ է արել զինել Հայաստանը:
"Անիմաստ է ասել, որ Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի արդյունքում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ԱՄՆ-ի ազգային շահը չի հանդիսանում։ Մենք պետք է Ուկրաինան ավելի շատ զինեինք մինչև 2014 թվականի ներխուժումը, ինչպես ես կոչ էի անում տասը տարի առաջ։ Մեզ անհրաժեշտ է Հայաստանն այժմ զինել համապատասխան պաշտպանական զենքով, որպեսզի զսպենք ներխուժումը", - գրել է Շերմանը Twitter-ի իր էջում։
Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել ԶԼՄ-ներից, ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ անվտանգության ապահովման հարցում, քանի դեռ չի պարզվել, որ նա հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ:
Փիթերսն օրինագիծը ներկայացրել է՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի շարունակական հարձակումների: "Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է եւ կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դաժան հարձակումներ իրականացնելու համար: ԱՄՆ-ը չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի դեմ ադրբեջանական բռնությանը: Մենք պետք է ընդունենք այդ օրենքը, որպեսզի արգելափակենք ամերիկյան լրացուցիչ օգնությունն Ադրբեջանին՝ այնքան ժամանակ, քանի դեռ նա վերջ չի դրել տարածաշրջանում իր ագրեսիային", - նշել է սենատորը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ