Արմինֆո. Շատ, շատ, շատ օգտակար ՄԱԿ-ի առաքելությունն ամայացած Արցախում է՝ հիմա, երբ այնտեղ գրեթե ոչ ոք չի մնացել։ Ֆրանսիական La Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը Twitter-ի իր միկրոբլոգում այդպես է մեկնաբանել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Ստեփանակերտ այցելելու մասին հաղորդագրությունը:
"ՄԱԿ-ի այդ առաքելությունը շատ-շատ-շատ օգտակար է ամայացած Արցախում՝ հիմա, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչներին վտարել են (եթե չեն սպանել) ադրբեջանցիները, և երբ այնտեղ անելիք կամ պաշտպանելու ոչ ոք չկա (բացի հորթերից, կովերից և խոզերից)", - գրել է Բյուիսոնը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ էր ժամանել միայն հոկտեմբերի 1-ի առավոտյան, երբ նրա ողջ բնիկ հայ բնակչությունն ամբողջովին վտարվել է իր պատմական հողից՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից: