Արմինֆո.Ժամը 16:00-ի դրությամբ Արցախի Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 93 հազար, Հակարի կամուրջը հատել է 19 հազար 103 փոխխխխադրամիջոց: Այդ մասին սոցցանցում հաղորդել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ինչպես հայտարարել է Բաղդասարյանը, ՀՀ ժամանած արցախցիներից հաշվառման է կանգնել 69 916 մարդ։ Հայաստանը ժամանակավոր կացարանով ապահովել է 23 433 բռնի տեղահանվածների, որոնցից 976-ին՝ Արագածոտնում, 6031-ին՝ Արարատում, 2124-ին՝ Արմավիրում, 2137-ին՝ Գեղարքունիքում, 1187-ին՝ Լոռիում, 5323-ին՝ Կոտայքում, 897-ին՝ Շիրակում, 2050-ին՝ Սյունիքում, 1555-ին՝ Վայոց ձորում, և 1183-ին՝ Տավուշում:
Հիշեցնենք, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տարհանելու նպատակով Երևանից ուղարկված ավտոբուսներն այսօր Ստեփանակերտից վերադարձել են Գորիս և տեղափոխել շուրջ 2 հազար մարդու: Ավտոբուսների նոր խմբաքանակ կուղարկվի Արցախ և կտեղափոխի Արցախի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել հանրապետությունը, հայտարարել են կառավարությունում: