Արմինֆո. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Մանուկյանը "ձերբակալվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ահաբեկչական գործունեության կասկածանքով": Դատարանը Դավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով:
Դավիթ Մանուկյանը նախկինում զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Նա ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի անցակետն անցնելիս Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել էր բարերար, հասարակական-քաղաքական գործիչ, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ դատարանը Վարդանյանին կալանավորել է 4 ամիս ժամկետով ՝ նրան մեղադրելով «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում։ Նախօրեին Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական, չճանաչված հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ "համապատասխան հետաքննության" համար, և ինքը որոշել է մեկնել Շուշի։ Այսօր լրատվամիջոցները հաղորդել են անցակետում ՝ Արցախից Հայաստան ճանապարհին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գերեվարման մասին:
Ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով Reuters-ը, հաղորդել էր, որ Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղի մոտ 200 հայերի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել տարբեր հանցագործությունների մեղադրանքով: