Արմինֆո. Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումն Արցախի վրա: Այդ մասին ասվում է օրենսդիր մարմնի կայքում զետեղված հաղորդագրությունում։
Նշվում է, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, Եվրախորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակը՝ Ադրբեջանի կողմից վերջերս Հարավային Կովկասի լեռնային անկլավի ռազմական զավթումից հետո: "Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա հանգեցրեց այն բանին, որ Բաքուն վերականգնեց ռազմական վերահսկողությունը վաղուց վիճելի տարածաշրջանի նկատմամբ, և հանգեցրեց էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի իրենց տներից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև զգուշացրել է այդ շրջանում էթնիկ զտումների մասին, չնայած Ադրբեջանի հավաստիացումներին, որ էթնիկ հայերին, ովքեր որոշեն մնալ Լեռնային Ղարաբաղում, կվերաբերվեն որպես Ադրբեջանի հավասար քաղաքացիների:
Լեռնային անկլավը, որը միջազգայնորեն ճանաչվել է Ադրբեջանի մաս, սակայն տասնամյակներ շարունակ ղեկավարվում էր հայ "անջատողականների" կողմից, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արյունալի ռազմական հակամարտության առարկա է դարձել", - ասվում է նիստի անոնսում: Նշվում է, որ խորհրդում և Եվրահանձնաժողովում իսպանական նախագահության ներկայացուցիչների հետ լիագումար քննարկումներից հետո հինգշաբթի բանաձևը կդրվի քվեարկության: