Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունը հատուկ գանձապետական հաշիվ կբացի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգտին նվիրատվությունների համար: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, արցախցիներին աջակցության աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը։
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կառավարություն են դիմում մեծ թվով քաղաքացիներ և կազմակերպություններ, հարցնելով, թե ինչ օգնություն կարող են ցուցաբերել Արցախի հայրենակիցներին: Այդ կապակցությամբ օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կբացի համապատասխան հատուկ գանձապետական հաշիվ՝ նվիրատվությունների համար: Կառավարությունը պարբերաբար հաշվետվություններ կհրապարակի այդ միջոցների ծախսման մասին։
Ինչպես նշել է փոխվարչապետը, սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը կազմել է 66 500: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բռնի տեղահանված հայրենակիցների մեծ մասը Հայաստան է ժամանել վերջին երկու օրվա ընթացքում։ Մասնավորապես, եթե սեպտեմբերի 24-ին և 25-ին Հակարի կամուրջը հատել է շուրջ 9 հազար մարդ, ապա միայն սեպտեմբերի 26-ին բռնի տեղահանվածների թիվը կազմել է 22 800, սեպտեմբերի 27-ին ՀՀ է ժամանել 26 600 հայրենակից: Նա հավելել է, որ սեպտեմբերի 27-ի ժամը 24:00-ից մինչև սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ն ադրբեջանական անցակետը հատել է 8700 մարդ, և ինտենսիվությունը չի նվազում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն, իր հերթին, տեղեկացրել է, որ ժամանած հայրենակիցներից տեղավորված է շուրջ 11 հազար մարդ: Նրանց տեղավորել են, հիմնականում, հյուրանոցներում, հյուրատներում, արցախցիներից մի քանիսին ապաստան են տվել Հայաստանի քաղաքացիները։