Արմինֆո. ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի իննսունվեց անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել կիրառել իրենց հայեցողական լիազորությունները ՝ Մարդու իրավունքների համար պատասխանատվության մասին Մագնիտսկու գլոբալ օրենքին համապատասխան, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի առաջնորդների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) 120 000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ դաժան շրջափակման և հարձակումների համար: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նշվում է, որ POLITICO National Security Daily թերթն առաջինն էր, որ հաղորդեց սենատորներ Շելդոն Ուայթհաուսի և Բիլ Քեսիդիի և ներկայացուցիչներ Սեթ Մագասիների, Գուս Բիլիրակիսի և Ֆրենկ Փալոնեի պատրաստած հզոր նամակի մասին:
96 օրենսդիրներն ընդգծում են. "Լեռնային Ղարաբաղի շրջափակման եւ նրա վրա հարձակման գործողությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար մենք հարգանքով խնդրում ենք ձեր գերատեսչություններին օգտվել Մագնիտսկու գլոբալ օրենքին համապատասխան գոյություն ունեցող լիազորություններից եւ նպատակային պատժամիջոցներ սահմանել Ալիեւի կառավարության այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում կամ մասնակցել են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտմանը":
Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամները հայտարարել են. "Այդ գործողությունները մարդու իրավունքների կոպիտ խախտում են եւ բռնի հակամարտության սանձազերծում, որոնք ուղղակի ոտնձգություն են ամերիկյան արժեքների եւ շահերի դեմ: Մարդու իրավունքների այս խախտումների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից":
Իր հերթին՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը համոզմունք է հայտնել, որ նախագահ Բայդենը պետք է դադարեցնի ցեղասպանության խրախուսումը և սկսի պատասխանատվության ենթարկել դրա մեղավորներին: "Դա պետք է սկսվի Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցումից և նրա առաջնորդների նկատմամբ պատժամիջոցների սահմանումից՝ Արցախում իրենց հնագույն հայրենիքից 120 000 բնիկ հայերի էթնիկ զտման համար", - հայտարարել է նա: