Արմինֆո. Ռուսաստանը կպաշտպանի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները, եթե նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Չէ որ նա նաև Ռուսաստանի քաղաքացի է։ Նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն, այսպես թե այնպես, մենք պետք է տեղեկատվություն ստանանք։ Եթե տեղի է ունեցել ձերբակալում, դա սովորական պրակտիկա է, եւ մենք կպաշտպանենք նրա իրավունքները", - ասել է Պեսկովը, հաղորդում է URA.RU-ը: Նա հավելել է, որ չի տիրապետում Վարդանյանի ձերբակալության և ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությանը, ուստի չի պարտավորվում մեկնաբանել իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվել էր Վարդանյանին ձերբակալելու մասին ։ Ռուս լրագրող Թինա Կանդելակին իր տելեգրամյան ալիքում գրել է, որ նա ձերբակալվել և գերեվարվել է սահմանին՝ Արցախը լքելու փորձի ժամանակ:
Ավելի ուշ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. "Այսօր առավոտյան իմ ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին՝ ադրբեջանական օկուպացիայից փախչող հազարավոր այլ հայերի հետ միասին Արցախը լքելու փորձի ժամանակ։ Շրջափակման բոլոր տասը ամիսները Ռուբենը արցախցիների հետ ուս ուսի կանգնած էր, զրկանքներ էր կրում և նրանց հետ պայքարում էր գոյատևելու համար ։ Ես աղոթում եմ, որ ամուսնուս ազատ արձակեն անվնաս, և խնդրում եմ ձեր աջակցությունը":