Արմինֆո.Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիր բերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:
«Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:
Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը», - ասվում է համալսարանի պաշտոնական հայտարարությունում:
Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էին Հայաստանի ամերիկյան համալսարանի բակից մեծ թվով "կարմիր բերետավորների" կողմից ուսանողների ձերբակալման կադրերը:
Այս առնչությամբ ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է, որ կարմիրբերետավորները, թույլ տալով օրենքի կոպիտ խախտումներ, մուտք են գործել Հայաստանի ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենք և ապօրինի բերման ենթարկել մի խումբ ուսանողների: Նույն կերպ նրանք ուսանողներին բերման են ենթարկել հենց համալսարանի մուտքի մոտ։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոստիկանները բերման են ենթարկել ուսանողներին ՝ առանց որևէ պատճառ պարզաբանելու, վերջիններիս իրավունքների մասին չտեղեկացնելով, անհամաչափ ուժ կիրառելով ՝ ցավ պատճառելով ուսանողներին:
Թաթոյանը դատապարտել է իրավապահների նման գործողությունները, նշելով, որ վերջիններս թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում, ինչն այլևս չպետք է կրկնվի:-