Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի վառելիքի պահեստարանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն: Այդ մասին հաղորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևի կենտրոնակայանը։
Ինչպես հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը, խոսքը "բացարձակ ողբերգության մասին է հարյուրավոր մարդկանց համար, որոնք այժմ տառապում են սարսափելի, ցավոտ այրվածքներից": "Այս ճգնաժամը լրացվում է այն փաստով, որ հիվանդանոցներն առանց այդ էլ աշխատել են իրենց հնարավորություններից վեր, և որ ինտենսիվ երթևեկության պատճառով խոչընդոտվել է շտապ օգնության մեքենաների աշխատանքը և բժշկական մատակարարումների իրականացումը",-նշել է նա:
ԿԽՄԿ աշխատակիցներն այժմ գտնվում են տեղում՝ աջակցություն ցուցաբերելով բժշկական օգնության տրամադրման հարցում։ Կարմիր խաչը նյութեր է ուղարկել այրվածքների բուժման համար։ Ինչպես նշվում է Ժնևի շտաբի հաղորդագրությունում, ԿԽՄԿ-ն "բոլոր կողմերին" հիշեցրել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նրանք պարտավոր են ապահովել վիրավորների և հիվանդների բժշկական խնամքը՝ որքան հնարավոր է արագ:
Նշենք, որ հարցին անդրադարձել է նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: <Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի հետ են ։ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել մուտքի խիստ անհրաժեշտություն կա ։ ԵՄ - ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել", - գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը X-ի (նախկին Twittrer) իր միկրոբլոգում: