Արմինֆո. ԵՄ-ը լրացուցիչ 5 մլն եվրո կհատկացնի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար:
ԵՄ կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Բրյուսելը 5 մլն եվրոյով ավելացնում է հումանիտար ֆինանսավորումը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքների: "Ակնկալվում է, որ հակամարտության էսկալացիան և դրան հաջորդած հրադադարը Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթ կառաջացնեն դեպի Հայաստան, սահմանն արդեն հատել է մոտ 13 500 փախստական։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում առկա է սննդի սուր պակաս և էլեկտրաէներգիայի ու ջրի հասանելիության բացակայություն:
5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումը ներառում է 500 հազար եվրո շտապ աջակցություն, որը հայտարարվել է անցյալ շաբաթ, և նոր ֆինանսավորում՝ 4,5 միլիոն եվրոյի չափով", - ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ այդ միջոցներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց օգնելու համար։ Բրյուսելում նաև հավելել են, որ այդ օգնությունը կհասցվի Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և կընդգրկի շուրջ 25 000 մարդու: "Առաջնահերթությունը դրամական օգնության, կացարանի, սննդի անվտանգության և ապրուստի միջոցների ապահովմանն ուղղված օգնության տրամադրումն է։
Միջոցներ կուղղվեն Լեռնային Ղարաբաղում խոցելի մարդկանց օգնելու համար։ Այս օգնությունը կուղարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի աջակցել շուրջ 60,000 մարդու սննդամթերքով, բժշկական սպասարկմամբ, կացարաններով և լոգիստիկով:
ԵՄ-ն տարածաշրջան է ուղարկում նաեւ հումանիտար հարցերի փորձագետ, որը կաշխատի տեղերում հումանիտար գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանք ապահովելու համար", - հայտարարել են ԵՄ-ում։
Իր հերթին՝ այսօր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը, ով այցով գտնվում է Հայաստանում, հաղորդել է, որ "ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 11,5 միլիոն դոլարի աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց մարդասիրական կարիքների համար":
Բացի այդ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին, Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) միջոցով 15 միլիոն շվեդական կրոն է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին' Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները հոգալու համար: