Արմինֆո. Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի միջև:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Էբրահիմ Ռաիսին շնորհակալություն է հայտնել BRICS-ին միանալու իրանական հայտին աջակցելու համար: Քննարկվել են այդ միավորման լիաֆորմատ գործունեությանն Իրանի սահուն միացումն ապահովելու քայլերը՝ հաշվի առնելով 2024 թվականին դրանում Ռուսաստանի նախագահությունը:
"Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ: Ռուսաստանի և Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը: Փոխադարձ հետաքրքրություն է հայտնվել "3+3" (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում", - հավելել են Կրեմլում ։
Նշվում է նաև, որ երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական համագործակցության կառուցողական և փոխշահավետ բնույթի կապակցությամբ: Հաստատվել է առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման, էներգետիկայի եւ տրանսպորտային ոլորտում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման, գործարար շրջանակների եւ զբոսաշրջային փոխանակումների գծով շփումների ընդլայնման տրամադրվածությունը: