Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը Հռոմի սստատուտը վավերացնելու հարցը կքննարկի սեպտեմբերի 28-ի նիստում: Այդ մասին է վկայում հանձնաժողովի նիստի օրակարգը, որը զետեղված է ԱԺ պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հայրենակիցներին հղած տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հռոմի ստատուտը կվավերացվի: "Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրել ենք 2022 թվականի դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման համար ։ Այս որոշումն ուղղված չէ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ։ Այն բխում է Հայաստանի արտաքին անվտանգության շահերից", - ասել է Փաշինյանը։
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1999 թվականին, սակայն չի վավերացրել։ 2004 թվին երկրի Սահմանադրական դատարանը այն համարել է հիմնական օրենքին հակասող ։ Դրա վավերացման գործընթացը կառավարությունը սկսել է դեռևս 2022 թվականի վերջին, որպեսզի Երևանը կարողանա նոր կարգավիճակով դատարանի առջև բարձրացնել զինված հակամարտության ժամանակ Ադրբեջանի պաատերազմական հանցագործությունների հարցը։ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխանող:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին, հաղորդել էին, որ Մոսկվան անընդունելի է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տված ՄՔԴ-ի իրավասությունը ճանաչելու Երևանի ծրագրերը: Աղբյուրի խոսքով ՝ Հայաստանին նախազգուշացրել են նման որոշման "ծայրահեղ բացասական" հետեւանքների մասին ։