Արմինֆո. Երևի մի քիչ վաղ է խոսել այն մասին, որ Արցախի 120 հազար բնակիչներ, պարզապես, փախստական ու ցեղասպանության զոհ չեն դարձել։ Նրանք նաև կորցրել են իրենց բնակարանները, տները, հողը, ունեցվածքը։ Այդ մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը ։
"Այն ամենը, ինչ այդ մարդիկ իրենց աշխատանքով ստեղծել են սերունդներով, կառուցել են, մշակել, լկտիաբար յուրացվելու է Ալիևի ռեժիմի կողմից ։ Առաջինը Արցախի գյուղեր ու քաղաքներ են մտնում "Յաշմա" հատուկջոկատայինները, ում զինվորներն ուրախությամբ իրենց հեռախոսներով նկարահանում են խաղաղ բնակչության դեմ վայրագությունները և զետեղում համացանցում ։ "Մաքրելու" պատրվակով նրանք տուն առ տուն գնում են ՝ փնտրելով թողած ունեցվածքը, փորփրելով ուրիշի թողած իրերը՝ ոսկե մատանի կամ տատիկի արծաթե գդալներ գտնելու հույսով։ Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ է լինելու նրանց հետ, ում տանը կգտնեն, ովքեր չեն հասցրել լքել իրենց հայրենիքը", - նշել է նա։
Նրա խոսքով ՝ "Յաշմայի" եւ այլոց թալանի ու դիակապտության առաջին ալիքից հետո քաղաքներ են մտնելու ավելի բարձր աստիճանի կողոպտիչներ՝ ՆԳՆ պաշտոնյաներ, բանակի եւ ոստիկանության գնդապետներ եւ գեներալներ, "քաղաքացիական վարչակազմը": "Սրանք արդեն ոչ թե տատիկի մոռացված գդալները կփնտրեն մահճակալների տակ, այլ իրար մեջ կկիսեն հայկական ունեցվածքն ու հողը", - հավելել է նա։
Լապշինը հիշեցրել է, որ հենց այդպես են վարվել գերմանացի նացիստները օկուպացված Եվրոպայում հրեաների և նրանց ունեցվածքի հետ: "Իմ ընտանիքը Լիտվայից, Լեհաստանից և արևմտյան Ուկրաինայից է (Լվով) և պատերազմից առաջ բավականին ապահովված էր։ Նացիստները, մտնելով Վիլնյուս, Լվով, Կրակով, ոչ միայն ոչնչացրին այնտեղ հրեա բնակչությանը, ուղարկելով նրանց Օսվենցիմ և Պաներյայ, այլև յուրացրին նրանց ունեցվածքը։ Ես հիշում եմ իմ այժմ հանգուցյալ պապերի և տատիկների պատմությունները, որոնք այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էին: Նացիստների Լվով մտնելուց առաջ հրեաների մի մասը կարողացավ փախչել արևելք, բայց ոչ բոլորը կարողացան փրկվել, և նացիստները, ովքեր մտան քաղաքներ, սվաստիկայով բարձրացրին իրենց դրոշը Լվովի և Վիլնյուսի վրա, շատ արագ "մաքրեցին" քաղաքները այնտեղ մնացած հրեաներից:
Պատերազմից հետո, երբ նացիստական ռեժիմը ոչնչացվեց և տեսանելի դարձան մարդկային աղետի մասշտաբները, սկսեցին բարձրացվել նաև նացիստների կողմից թալանված հրեական ունեցվածքի հարցերը։ Հաշվի առնելով, որ նացիստները միտումնավոր ոչնչացրել են բոլոր արխիվները, իսկ հրեաներն իրենք են զոհվել համակենտրոնացման ճամբարներում, միլիոնավոր սերունդներ դեռ չեն կարողանում վերադարձնել իրենց տներն ու հողը ։ Ի դեպ, ես հիմա նպատակ չեմ դնում վերապատմել Հոլոքոստի ակնհայտ փաստերը, պարզապես, զգացողություն ունեմ, որ պատմությունը կրկնվում է Արցախում", - ամփոփել է Լապշինը ։