Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ արդյունավետ համագործակցության հարցում:
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը: «Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար»,- շեշտել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները եւ կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: