Արմինֆո. Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ը, ԱՄՆ-ը և մյուս բոլոր միջազգային խաղացողները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։ Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ, չնայած միջազգային դերակատարները բազմիցս հայտարարել են իրենց միջնորդական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող միջազգային մեխանիզմների մասին, այսօր հազարավոր քաղաքացիներ տարհանվում են Հայաստան:
Միևնույն ժամանակ, Մարուքյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Դեսպանը նշել է, որ սեպտեմբերի 19-ին խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր խաղաղ բնակիչներ զրկվել են իրենց տներից, գյուղերից և համայնքներից:
Մարուքյանը հիշեցրել է, որ մինչև ռազմական ագրեսիայի սկսվելը 9 ամիս շարունակ արցախցիները սովի էին մատնված ադրբեջանական շրջափակման պատճառով: "Իսկ ապաստարաններում առանց սննդի եւ ջրի 6 օր անցկացնելուց հետո նրանք հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները, այլ պետք է լքեն իրենց նախնիների հողը", - ընդգծել է նա: