Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։
Նույն օրը ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանկը Սլոթեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնություններով հնարավոր կլինի շարունակել Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում՝ վերահաստատելով ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը: