Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՝ ընդգծելու թուրք-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը եւ իր վճռական աջակցությունը հայտնելու տնտեսական եւ երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրությունում։
"Նա նաև ընդգծել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուտափույթ վավերացման անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերակենդանացնելու նրա շարունակական ջանքերի համար և կոչ արել աջակցել մարտական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու ջանքերին", - նշել են Պետդեպարտամենտում:
Ընդ որում, Բլինքենն իր թվիթերյան էջում գրել է. "Ես զրուցել եմ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի լայն գործընկերության, սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերականգնման ջանքերի, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի ավարտի մասին", - գրել է Էնթոնի Բլինքենը։