Արմինֆո.Արցախից ստացվում են երեխաների գլխատման եւ ավագ տղաներին ու տղամարդկանց կանանցից եւ երեխաներից բաժանելու պատմություններ։ Այդ մասին ասվում է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում, որը զետեղվել է «Թվիթեր»-ում։
«Մենք հուսով ենք, որ դա ճիշտ չէ, բայց հիմքեր ունենք կարծելու, որ այդպես է։ Ադրբեջանը մշտապես հայերի հետ վարվել է բարբարոսության այդ մակարդակով, հատկապես 2016, 2020 եւ 2022թթ. պատերազմների ժամանակ։ Այդ երկիրը կառավարում են մարդիկ, որոնք չեն թաքցնում իրենց ներքին ատելությունը հայերի հանդեպ։
Նման գազանությունները տարածված էին նաեւ ցեղասպանության ժամանակ։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, օրինակ, երբ սերբական զորքերը զավթեցին Սրեբրենիցան 1995թ. (եւս մեկ ցեղասպանություն, որին նպաստեցին Արեւմուտքի տատանումները)։ Երեխաներին գլխատեցին, տղամարդկանց եւ ավագ տարիքի տղաներին առանձնացրին՝ հաշվեհարդար տեսնելու համար։ Զանգվածային բռնաբարություն։ Հանցագործներն արբած էին իշխանությամբ եւ ատելությամբ», - նշվում է հայտարարությունում։
«Դե ինչ, աշխարհ, ահա Ադրբեջանը, որին աջակցեցիր ու արդարացրիր՝ չնայած ցեղասպանության գծով փորձագետների եւ ցեղասպանության կանխման հարցերով զբաղվող կազմակերպությունների բազմաթիվ նախազգուշացումներին։ Մենք հասկանում ենք. Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, Իրանի թշնամին, ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա, բայց արդյոք այս ամենն իսկապես արժեր այն բանին, որպեսզի ձեր հոգին վաճառեիք եւ դավաճանեիք մի ողջ ժողովրդի։ Իհարկե ոչ։ Եվ, այնուամենայնիվ, մենք այստեղ ենք։
Եկեք երբեք չմոռանանք համաշխարհային առաջնորդների ագահությունը, վախկոտությունը եւ (որոշ դեպքերում) չարությունը, որոնք 2020 թվականից ձեւացնում են, թե Ադրբեջանը մի ինչ-որ այլ բան է՝ ահաբեկչական պետությունից զատ, որը ցեղասպանություն է կատարում։ Եկեք երբեք չմոռանանք ցեղասպանությանն այդ մեղսակցության մասին»,- ասվում է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։