Արմինֆո.Ղազախստանի ժողովրդին ուղղված պետության ղեկավարի «Արդար Ղազախստանի տնտեսական ընթացքը» ուղերձին գործարար շրջանակներին ծանոթացնելու նպատակով տեղի է ունեցել հանդիպում դեսպան Բոլատ Իմանբաևի և Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի և փոխնախագահ Կարեն Իվանովի հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՂՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հայկական գործարար համայնքի ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ չնայած աշխարհաքաղաքական ներկա իրավիճակին, Ղազախստանը և Հայաստանը պահպանում են դրական դինամիկա տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներում։
Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով, Ղազախստանի ղեկավարի նախաձեռնությունների իրականացումը կնպաստի Աստանայի և Երևանի միջև տնտեսական համագործակցության հետագա խորացմանը և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը։ Մասնավորապես, հետաքրքրություն է դրսևորվել ոչ միայն զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձի փոխանակման, այլ նաև հայ և ղազախ տուրօպերատորների միջև համատեղ նախագծեր ստեղծելու ուղղությամբ։ Որպես առաջնահերթ և հեռանկարային ոլորտ ճանաչվել է պարենային անվտանգության ապահովման ոլորտը, մասնավորապես, այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մսի, կաթի և հացահատիկի առաջադեմ վերամշակումը և արդյունաբերական ջերմոցային տնտեսությունը։ «Մենք լիովին համաձայն ենք և անհրաժեշտ ենք համարում աջակցել մասնավոր գիտատեխնիկական նախաձեռնություններին և կիսում ենք կրթական ծրագրերը գյուղատնտեսության ոլորտի կարիքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը։
«Իհարկե, նպատակներին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել որակյալ դպրոցական կրթություն ստանալու իրավունքը։ Մենք լիովին պաշտպանում ենք այն մոտեցումը, որ կրթական համակարգը պետք է փոխակերպվի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի կարիքները։ Ժողովրդական տնտեսության մի շարք ոլորտներ, ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանում, կադրերի պակաս ունեն, հատկապես տեխնիկական և աշխատանքային մասնագիտությունների գծով։ Կրթական հաստատությունները պետք է երկարաժամկետ համագործակցություն ստեղծեն պոտենցիալ գործատուների հետ: Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը կողջունի այս խնդիրների լուծմանն ուղղված համատեղ միջոցառումները»,- նշել է Անդրանիկ Ալեքսանյանը։
Հայ փորձագետները վստահություն են հայտնել, որ «չնայած համաշխարհային տնտեսության հիմնարար տեղաշարժերին, աճող տեխնոլոգիական մրցավազքին, ռեսուրսների համար աճող մրցակցությանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության, սննդի անվտանգության, կայուն ժողովրդագրական զարգացման հրատապ խնդիրներին, Ղազախստանն ունի բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են պլանավորված առաջադրանքները իրականացնելու համար»։