Արմինֆո. Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա հարթակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային առանցքային թեմաների շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հրատապ խնդիրներին՝ Անդրկովկասում տիրող իրավիճակի շեշտադրմամբ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հիմնական հարցերը: Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի տրամադրվածությունը տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է իրանական կողմը, մատնանշելով տարբեր ոլորտներում Իրանի և Ռուսաստանի դրական համագործակցությունը և միջազգային կազմակերպություններում խորհրդատվությունները, Ամիր Աբդոլահիանն այդ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթղթի լրամշակման անհրաժեշտությունը:
Լավրովը նաև կոչ է արել ամրապնդել երկու երկրների համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և մշակույթը:
Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ: Թշնամական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվել են, հաղորդվում է ավելի քան 200 զոհի մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչներ, տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ:
Սեպտեմբերի 20-ին Արցախն ընկավ։ Ադրբեջանը սկսել է բռնի կերպով իրեն ենթարկել ԼՂՀ։ Արցախի հազարավոր խաղաղ բնակիչներ գտնվում են Իվանյան քաղաքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման կետում ։ Տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը թույլ չի տալիս նրանց տարհանել Հայաստան։ Բացի այդ, սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանը նպատակաուղղված գնդակահարել է ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենան, զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև ՌԽԶ փոխհրամանատարը: Այսօր տեղեկություններ են ստացվում սեպտեմբերի 20-ին ՌԽԶ ևս մեքենայի գնդակոծման, մեկ զինծառայողի մահվան և երկրորդի վիրավորվելու մասին:
Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացել է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպում: Ադրբեջանը պահանջել է Արցախի պաշտպանության բանակի զինաթափում, բոլոր զինծառայողների գերեվարում և բոլոր պետական կառույցների վերացում: