Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հաղորդել է, որ ոչ մի դեպքում իշխանությունը չի հանձնելու, պահելու է ամեն գնով:
Ինչպես գրում է "Հրապարակ" օրաթերթը, նախօրեի ուշ գիշերին, երբ հազարավոր քաղաքացիներ Արցախի փրկության համար բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում, պահանջելով Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը ՔՊ «իր նեղ կռուգին» հավաքել է, եւ ողջ գիշերը միասին են անցկացրել։ «Նա թիմին տեղեկացրել է, գուցե՝ ոչ ուղիղ տեքստով, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ եւ լուսաձայնային նռնակներ էին կիրառում քաղաքացիների դեմ։ Ինքն իր ընտանիքին ուղարկել էր Սեւանի ամառանոց՝ բնականաբար ուժեղացված հսկողության ներքո։ Մյուս ընտանիքներն էլ էին դուրս եկել, բայց երբ ընդդիմությունը երկար ընդմիջում հայտարարեց՝ մինչեւ երեկ երեկոյան ժամը 19-ը, հանդարտվեցին՝ հասկանալով, որ վտանգ չի սպառնում։ Ճիշտ է՝ երեկ ավելի մեծ ոստիկանական զորքեր էին բերվել հրապարակ, բայց կատարվածի առաջին ալիքը հանդարտվել էր եւ վստահ էին, որ ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու», - գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ գնդակոծել էր Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ" սկսելու մասին, պնդելով, թե բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին: Մինչդեռ, կրակի տակ էին հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքները, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր, այդ թվում՝ 13 երեխա։ Վերջին տվյալներով ՝ ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 200-ի, կա, առնվազն, 400 վիրավոր:
Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտը հայտարարեց, որ ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հրադադարի առաջարկը: Նշվում է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով»։
Այսօր Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնել են Եվլախ' քննարկելու "Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման մասին " հարցերը:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանում, մասնավորապես, կառավարության շենքի մոտ, տեղի ունեցան ցույցեր՝ իշխանափոխության և կառավարության ղեկավարի հրաժարականի, ինչպես նաև Արցախի և արցախցիների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու պահանջով