Արմինֆո. Արցախում ստեղծված իրավիճակի և պաշտոնական Ստեփանակերտի կողմից ռուսական խաղաղապահ զորակազմի հրադադարի առաջարկն ընդունելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո կառավարության շենքի մոտ կրկին մարդիկ են կուտակվել: Ամեն ժամ նրանց թիվն ավելանում է:
Քաղաքացիները բողոքում են Լեռնային Ղարաբաղի հարցում պաշտոնական Երևանի քաղաքականության դեմ։ Ցուցարարները բոլոր հնարավորություններն օգտագործում են կառավարական շենքը շրջափակած իրավապահներին ամոթանք տալու համար ։ <Դուք վաղը ամաչելու եք ձեր երեխաների, թոռների առջև, այս դավաճանին պաշտպանելու համար , վաճառում եք երկիրը, որպեսզի ձեր տունը պահեք> ,- ասում են կառավարության շենքի մոտ հավաքվածները։
Ցուցարարներին է միացել Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։ Նա նշել է, որ չի կարելի կարծել, թե պատմությունն ավարտվել է նրանով, որ "կենդանի դիակների խումբը", այդպես է բնութագրել տիկին Ալավերդյանը կառավարությանը, որոշում են կայացրել այդպես անել, և դա իրենց հաջողվել է:
"Նրանք, ովքեր ասում են, թե՝ "վերջ, Արցախը հանձնված է", սխալվում են մի բանում, որ պատմությունը չի ավարտվում: Մեր հայրենիքը մերն է, և մենք կվերադառնանք մեր հայրենիք>, - ասել է նա:
Հարցին, թե՝ արդյոք կա առաջնորդ, ով կկարողանա լուծում առաջարկել ստեղծված իրավիճակից, նախկին օմբուդսմենը նշել է, որ խնդիրը ոչ թե նման մարդու բացակայությունն է, այլ այն, որ նման մարդիկ այսօր շատ են, և նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է միակ փրկիչը: Եվ դա այն դեպքում, երբ այսօր հասունացել է միասնական ծրագրի, միասնական ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունը ։
<Եթե այսօր մենք չհաղթեցինք, պետք է դասեր քաղել և առաջ գնալ, այլ ոչ թե մեզ պարտված համարել: 5 տարի շարունակ իշխանությունները մեր աչքի առաջ անշեղորեն սպասարկել են ադրբեջանաթուրքական ցեղասպան քաղաքականությունը։ 5 տարվա ընթացքում մենք կարողացա՞նք դա հասկանալ: Ոչ: Այսինքն ՝ մենք չկա՞նք, մեռե՞լ ենք: Ոչ: Դա նշանակում է, որ պետք է սկսել այն րոպեից, երբ մենք դա գիտակցեցինք, երբ եկավ ճիշտ ժամանակը>, - ասել է Ալավերդյանը։