Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Արդարադատության միջագային դատարանին ծանուցել է երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։ Այդ մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ գնդակոծել է Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ" սկսելու մասին, պնդելով, որ բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տվյալներով ՝ ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիայի ենթարկված 16 համայնքներից տարհանվել է շուրջ 7 հազար մարդ: Մասնավորապես, նրանք Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների բնակիչներ են։ Նրա տվյալներով ՝ ժամը 22:30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի շարունակական լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, այդ թվում ՝ 7 խաղաղ բնակիչ: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը ։