Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան նախօրեին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Այդ մասին հաղորդել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
«Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ գնդակոծել է Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ" սկսելու մասին, պնդելով, որ բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տվյալներով ՝ ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիայի ենթարկված 16 համայնքներից տարհանվել է շուրջ 7 հազար մարդ: Մասնավորապես, նրանք Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների բնակիչներ են։ Նրա տվյալներով ՝ ժամը 22:30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի շարունակական լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, այդ թվում ՝ 7 խաղաղ բնակիչ: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը ։