Արմինֆո. Պիտի ամեն կերպ բացառել Երևանում Գյումրիի սցենարի կրկնությունը: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության հայտարարության մեջ:
«Կայացավ Երևանի ավագանու սեպտեմբերտասնյոթյան ընտրությունը։ «Մայր Հայաստան» դաշինքը և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժերը արձանագրեցին փայլուն արդյունք, որի համար շնորհավորում ենք բոլորիս։ Մենք վստահ էինք, որ Անդրանիկ Թևանյանին կհաջողվի ընտրարշավը ճիշտ և գրագետ կազմակերպել։
Ընտրություններին ակտիվ մասնակցություն ունեցան նաև բոլոր ուժային կառույցների պահեստազորում գտնվող սպաները, որի համար շնորհակալ ենք։
Երևանում իշխող ընդդիմադիր տրամադրությունների և հնարավոր հաղթանակի հեռանկարի հետ կապված մեր կանխատեսումներն իրականացան, ինչպես եղել էր Գյումրիի ավագանու 2021թ․ ընտրության պարագայում, որտեղ սակայն Քաղաքացիական պայմանագրին այնուամենայնիվ հաջողվեց իշխանության մաս կազմել բացառապես ներքին խմորումների, հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Պիտի ամեն կերպ բացառել Երևանում Գյումրիի սցենարի կրկնությունը՝ ժողովուրդը դա չի հանդուրժելու։
Ափսոսում ենք, որ ընդդիմությունը չմիավորվեց, իսկ մի հատվածն էլ պարզապես ընտրեց բոյկոտի ճանապարհը։ Հակառակ պարագայում «Մայր Հայաստան» դաշինքն ավելի լավ արդյունք կարձանագրեր։ Այնուամենայնիվ մենք հարգում ենք իշխանություններին այդ կերպ մերժելու քաղաքացիների որոշումը։ Հուսանք, որ ընտրական անցողիկ շեմը հաղթահարած, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը կմիավորվեն, կձևավորեն քաղաքային իշխանություն։ Երևանում տիրող տրամադրությունները վկայում են, որ մայրաքաղաքն է այսօր թելադրում Հայաստանի քաղաքական օրակարգը, իսկ նրա արձակած վերդիկտն է՝ վերջ քպական իշխանությանը», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի քաղաքական ուժի չհաջողվեց հավաքել 50 տոկոս արդյունք, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցություններն ու դաշինքները ստիպված կլինեն կոալիցիաներ կազմել։ Նոր ավագանին իր լիազորությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին: Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են մանդատները ստանալուց հետո 2 շաբաթվա ընթացքում: Ընտրություններին քվեարկելու իրավունք ուներ Երևանի 824250 բնակիչ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն մայրաքաղաքի բնակչության ռեգիստրում գրանցված և քաղաքում առնվազն 1 տարի բնակվող 14 հազար 839 մարդ: Քվեարկության ընթացքին հետևել են 350 տեղական և 24 օտարերկրյա դիտորդներ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 28,44 տոկոս