Արմինֆո. Որոշում կայացնող անձանց միջև մարդասիրական փոխհամաձայնության հասնելուն ուղղված դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երկուշաբթի օրը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով և Աղդամի (Ակնա) ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության իրերի խմբաքանակներ է առաքում կարիքավոր մարդկանց: Այդ մասին հայտարարել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերը։
<Մենք չափազանց ուրախ ենք, որ մարդասիրական օգնության կարիք ունեցող շատ մարդիկ վերջապես կստանան այդքան անհրաժեշտ աջակցություն՝ առաջիկա օրերին: Առողջապահական կառույցները դեղորայքի պակաս ունեն։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար։ Նրանց շտապ անհրաժեշտ է կայուն օգնություն՝ կանոնավոր մարդասիրական մատակարարումների միջոցով։ Այս փոխհամաձայնությունը թույլ տվեց մեր թիմերին վերսկսել այդ կենսական կարեւորություն ունեցող աշխատանքը>, - ասել է Արիանա Բաուերը:
Միևնույն ժամանակ, մարդասիրական կազմակերպության կայքում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շաբաթներին ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարել որոշում կայացնող անձանց հետ ՝ տարբեր երթուղիներով, այդ թվում՝ Քաշաթաղի միջանցքով և Ակնայով անցնող ճանապարհներով այդ շրջան օգնություն հասցնելու տարբերակների շուրջ: Երկուշաբթի օրը գործողությանը մասնակցել են երկու բեռնատարներ, որոնք միաժամանակ ապրանքներ են հասցրել ինչպես Քաշաթաղի միջանցքով, այնպես էլ Ակնայի ճանապարհով:
<Հուսով եմ, որ այս փոխհամաձայնությունը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական շարասյունների երթեւեկությունը ոչ միայն այսօր, այլև առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր կերպով օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեր նպատակն է հասնել նրանց, ովքեր ամենից շատ օգնության կարիք ունեն՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին համապատասխան", - ամփոփել է Արիանա Բաուերը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ առաջին մեքենաները ՌԽԶ-ի ուղեկցությամբ անցել են Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ երթուղով, գտնվում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում և բեռնաթափում են իրականացնում ԿԽՄԿ պահեստում:
<Բեռը ներառում էր մանկական տակդիրներ, ներարկման հավաքածուներ և կաթոցիկներ: Ներկայումս Քաշադաղի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկրորդ շարասյունը, որն առաջինին զուգահեռ անցել է "Լաչին" անցակետի կամրջի վրա գտնվող անցակետը: Մարդասիրական օգնության մատակարարումը հաջողվել է սկսել Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ", - նշվում էր հաղորդագրությունում։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ադրբեջանի տարածքով ներկրված ապրանքը բերվել է ՌԴ-ից և ընդհանուր ոչինչ չունի Կարմիր մահիկի հետ: Մեքենան բեռնված էր շվեյցարական, իսպանական, ռուսական ապրանքներով, հիմնականում՝ հիգիենայի պարագաներ և դեղամիջոցներ: