Արմինֆո.Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նոր համերգաշրջանը կնշանավորվի բացառիկ նախագծով. առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես կգա ֆրանսիական հանրահայտ "Դիոտիմա" լարային քառյակը:
Համերգի կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 22-ին քառյակի երաժիշտներ Յուն-Պեն Չժաոն (առաջին ջութակ), Լեո Մարիլյեն (երկրորդ ջութակ), Ֆրանկ Շևալյեն (ալտ), Պիեռ Մորլեն (թավջութակ) վարպետության դաս կանցկացնեն Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սաների համար:
Հաջորդ օրը ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 19: 00-ին Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա լարային քառյակի համերգը, որի ծրագրում են Դյորդ Լիգետիի, Լեոշ Յանաչեկի, Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները:
"Դիոտիմա" լարային քառյակը հիմնադրվել է 1996 թվականին Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից։ Երաժիշտների երգացանկում են 20-րդ դարի ստեղծագործությունները, ինչպես նաև քառյակը հատուկ ուշադրություն է դարձնում դասական-ռոմանտիկ ավանդույթների ոգով ժամանակակից ստեղծագործություններին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:-