Արմինֆո. Այսօր Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը գտնվում է էթնիկ զտումների բարձր հնարավորության վիճակում։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, սոցիոլոգ, հայտնի իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Նրա խոսքով ՝ Ադրբեջանի կողմից այս գործողություններին մինչ օրս պատշաճ կերպով չի արձագանքել ոչ մի երկիր, ոչ մի ազգ, լռում են նաև ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը: Ոչ ոք հանդես չի եկել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի հավակնությունների դեմ։ "Հարց է առաջանում, իսկ ինչպիսին կլինի միջազգային հանրության արձագանքը, եթե Բաքուն պաշտոնապես իր տարածքային պահանջներն առաջ քաշի Երեւանի, Սեւանի եւ Սյունիքի նկատմամբ", - հարց է տվել բարոնուհին, հավելելով, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի թաքցնում ողջ Հայաստանը գրավելու իր մտադրությունները։
Բարոնուհին փաստել է, որ Արցախի անկման դեպքում կընկնի նաև Հայաստանը։ "Այն պայմաններում, երբ ժողովրդավարությունը ողջ աշխարհում իր նահանջի շրջանն է ապրում, ես, ինչպես և շատ ուրիշներ, խորապես մտահոգված եմ այն գերտերությունների վարքագծով, որոնք ճնշում են գործադրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների պահանջներն ընդունելու նպատակով", - ասել է բարոնուհին: Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Արցախը փաստացի կզրկվի ինքնորոշման իր միջազգային իրավունքից, ինչի արդյունքում նախատեսվում է, որ 120 հազար մարդ կդառնա ավտորիտար հակահայկական պետության քաղաքացի: "Հայտնի է, որ Ալիևի ընտանիքն առնչություն ունի մարդու իրավունքների խախտման մեծ պատմության հետ, այդ թվում՝ նաև Ադրբեջանի բնակիչների նկատմամբ: Նրանք լայնածավալ ճնշում են գործադրում իրենց քաղաքացիների վրա, խոսքի եւ լրատվամիջոցների ազատության, հանրահավաքների անցկացման սահմանափակումներ են մտցնում", - հայտարարել է Քոքսը։
Անդրադառնալով նախորդ պատերազմներին՝ բարոնուհին նշել է, որ ականատես է եղել, թե ինչպես են 400 "Գրադները" գնդակոծում Ստեփանակերտը, ինչպես է քաղաքը գնդակոծվում 500 կգ-անոց արկերով: "Ես՝ ինքս, ականատես եմ եղել կոտորածների և բռնի տեղահանումների։ Այն ժամանակ արցախահայությունն աշխարհից օգնություն էր խնդրում, բայց աշխարհը նախընտրեց լռել՝ նպաստելով Ադրբեջանի իշխանությունների ախորժակի աճին։ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերսկսեց Արցախը գրավելու իր փորձերը՝ գնդակոծելով դպրոցներն ու հիվանդանոցները և ոչնչացնելով կրոնական պաշտամունքի վայրերը։ Հայ գերիները ենթարկվել են ծաղրի և խոշտանգումների, նրանցից շատերը սպանվել են ։ Տասնյակ մարդիկ շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ՝ դրանով իսկ խախտելով հրադադարի մասին պայմանավորվածության պայմանները։ Ավելին, Ադրբեջանի զինված ուժերն առաջ են շարժվել դեպի Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը։ Այցելեցինք Սյունիքի մարզի Տեղ համայնք, որտեղ հանդիպումներ ունեցանք ՀՀ ԶՈւ զինվորների հետ, որտեղ համոզվեցինք, որ համայնքի 7 բնակավայրերից 3-ը հարձակման են ենթարկվել: Այս ագրեսիայի հետևանքով Հայաստանը կորցրել է 125 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, ինչպես նաև վարելահողեր և արոտավայրեր ։ Տեղի բնակչությունն ամեն օր վախի մթնոլորտում է ապրում։ Մենք նաև այցելեցինք Լաչինի միջանցքի վերին հատված, որտեղ ականատես եղանք մեծ թվով բեռնատարների կուտակմանը, որոնք հնարավորություն չունեն հումանիտար բեռ հասցնել Արցախի բնակչությանը։ Մենք տեսանք ադրբեջանական ապօրինի անցակետ, որով հնարավոր չէ կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար", - փաստել է բարոնուհին, կրկնելով, որ եթե Արցախն ընկնի, կընկնի նաև Հայաստանը: