Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ և մեծ թվով վիրավորներ: Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծել է, որ մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ.կմ-ն օկուպացված է, և, չնայած միջազգային հանրության պահանջներին, ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից:
<Երկու օր առաջ, գնահատելով խաղաղ գործընթացի արդյունքները, ես խոսեցի վստահության ամրապնդման քայլերի մասին։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ամրապնդման ճանապարհին: Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, իսկ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիները և այլ անձինք պետք է ազատ արձակվեն>, - գրել է Մարուքյանը ։