


Արմինֆո.ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, ՖՀՄ-ների միջև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը: Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի ստեղծում: Կենտրոնի հիմնական խնդիրներն են ռիսկերի անդրազգային գնահատումը, ռիսկերի վերհանման և գնահատման համար անհրաժեշտ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ՖՀՄ-ների միջև էլեկտրոնային համագործակցության միասնական չափանիշների մշակումը և ներդրումը, միջազգային համագործակցության ընթացքում տեղեկությունների փոխանակման անվտանգության ապահովումը:


