Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 200-ից ավելի սպանված: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը", - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել Ջերմուկ, Վարդենիս, Գորիս, Կապան քաղաքները և մի շարք սահմանամերձ գյուղեր, ընդ որում, գնդակոծության են ենթարկվել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ագրեսիայի զոհ են դարձել 200-ից ավելի հայ զինվորականներ և 4 քաղաքացիական անձինք ։