


Սիրիայում դատապարտում են Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամադ Ջիհադ ալ Լահանին` Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովում:
Նրա ասելով, միջազգային համաժողովում Սիրիայի պատվիրակության ներկայությունը հայ ժողովրդի նկատմամբ սիրիացիների հարգանքի վկայություն է: «Սիրիան հայ եղբայրների առջև դռները բացեց Հայոց ցեղասպանությունից հետո: Սիրիահայերը սիրիացի ժողովրդի անբաժան մասն են: Մենք վճռական ձայն ենք բարձրացնում ընդդեմ չարիքի և նեղճակատ ինքնասիրության», - հայտարարել է նա, ընդգծելով, որ ընդդեմ մարդկության ամեն մի հանցագործություն պետք է ճանաչվի, այլապես պատմությունն ու ոճրագործությունները կրկնվում են:
Որպես օրինակ Սիրիայի խոսնակը նշել է «Իսլամական պետության» գործողությունները, որը փորձում է բնաջնջել ամբողջ ժողովուրդների և իսպառ ոչնչացնել նրանց պատմական ժառանգությունը: Սիրիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարում և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:



