


Հայերին բնաջնջելու և Պատմական հայրենիքից` Արցախից դուրս մղելու Ադրբեջանի փորձը ցեղասպանության հերթական փորձ է: Այդ մասին հայտարարել է ՄԹ Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, սոցիօոլոգ և հայտնի իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոկսը` ապրիլի 23-ին Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի ժամանակ:
Նա նշել է, որ իրեն ոգեշնչում է հայ ժողովուրդը, որը Փյունիկի նման վեր է հառնում մոխրից` յուրաքանչյուր ողբերգությունից հետո: «Ցավալի է, որ Ադրբեջանը հանդես է գալիս սպառնալիքներով: Լեռնային Ղարաբաղն անկախության և ինքնիշխանության իրավունք ունի այնպես` ինչպես Կոսովոն: Մենք կպայքարենք, որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի», - նշել է նա:
Բարոնուհին նաև չափազանց կարևոր է համարում Ցեղասպանության ճանաչումը, քանի որ, նրա նհամոզմամբ, չի կարելի չարիքն անպատիժ թողնել: «Չարիքը թաքցնել ու ժխտել` նշանակում է վերքը բաց թողնել, որպեսզի այն անվերջ արյունահոսի», - նշել է նա: Քոկսը նաև հավելել է, որ Ցեղասպանության ճանաչումը բխում է հենց Թուրքիայի շահերից: «Երևանը միակ վայրն է, որտեղ կցանկանայի գտնվել այս օրերին: Ես անձամբ, որպես Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, ամաչում եմ, որ իմ երկրի կառավարությունը հրաժարվում է ճանաչել է Ցեղասպանությունը», - նշել է նա:



