Արմինֆո.Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Այդ մասին ասվում է "Իրավունքի և արդարության կենտրոն" Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հաղորդագրությունում:
«Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):
Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:
Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար», - ասվում է Թաթոյանի հաղորդագրությունում:
Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիք է հայտնել նաեւ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Facebook-ի իր էջում նա նշել է, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին, ինչից հետո կամ կպայթի կամ աստիճանաբար կնվազի:
«Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է` ակնհայտ շտապում են:
Որքան էլ պնդեն, թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հարցերի 70%-ում համաձայնություն կա, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կամ ՀՀ շահերի շրջանակներում կարգավորելու հնարավորություն կա: Եթե Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշումները չփոխի, ապա դա կա´մ պատերազմի է բերելու կա´մ Հայաստանի հսկայական զիջումներին:
Որքան Հայաստանի իշխանությունը փորձում է իրեն օտարել Արցախից ու նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներից, այնքան իրադրությունն ինքն է Արցախն ու Հայաստանը բերում մեկ դաշտ, մեկ հարթություն և´ քաղաքական, և´ անվտանգային տեսանկյունից: Ադրբեջանն անշուշտ անպարտելի չէ, ունի խոցելի ուղղություններ, որոնց ուղղությամբ մեծ անելիք կա, այլ բան է, որ 2018-ից ՀՀ-ում ձևավորված իշխանությունը զիջողականությունն ու պարտվողականությունը քաղաքական ուղենիշ է դարձրել, ինչը սրանց օրոք բացառում է արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունը», - գրել է պատգամավորը: