Արմինֆո. Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) խորը ափսոսանք է հայտնում և վճռականորեն դատապարտում է Եվրոպայի ռաբբիական կենտրոնի (RCE) վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում/Արցախում շարունակվող հակամարտության վերաբերյալ: Այդ մասին ասվում է EAFJD-ից ԱրմԻնֆո-ին տրամադրած հայտարարությունում։
Աղբյուրի համաձայն, եվրոպացի ռաբբիներն իրենց մտաաահողությունն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։ «Որպես Եվրոպայի հայկական կազմակերպություն՝ EAFJD-ն ընդունում է այդ եզրույթի զգայունությունը, հատկապես Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի կրած վիթխարիտառապանքների լույսի ներքո, և լիովին կարևորում հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների հիշատակը պահպանելու կարևորությունը: Այդ եզրույթը չի օգտագործվել որպես պատմական համեմատություն, ավելի շուտ, այն օգտագործվում է Միավորված ազգերի կազմակերպության "Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին" կոնվենցիայում շարադրված սահմանմանը համապատասխան: Միջազգային անկախ կազմակերպությունների և իրավապաշտպան խմբերի մի քանի զեկույցներ և հայտարարություններ նախազգուշացնում են Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականության մասին, որն իր էությամբ ցեղասպանություն է: Վերջին զեկույցում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պնդում է, որ գոյություն ունի "ողջամիտ հիմք ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում" Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ: Genocide Watch-ը նույնպես հանդես է եկել բազմաթիվ նախազգուշացումներով այս կապակցությամբ: Ցեղասպանության միջազգային իրավական սահմանումը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է 1948թ. ցեղասպանության մասին կոնվենցիայում, ներառում է այն գործողությունները, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ: Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետություններն իրենց վրա են վերցրել ցեղասպանությունը կանխելու և պատժելու պարտականությունը: Միջազգային դատարանը վճռել է, որ մասնակից պետությունները "չպետք է սպասեն, մինչեւ սկսվի ցեղասպանության իրագործումը" եւ "պարտավորության ողջ իմաստը կայանում է նրանում, որպեսզի կանխեն կամ փորձեն կանխել այդ ակտի կատարումը",-նշվում է հայտարարության մեջ:
Դրա հեղինակները հիշեցնում են, որ արդեն ինն ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 000 բնիկ հայ բնակչությանը, այդ թվորմ՝ 30000 երեխաների, ինչը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին եռակողմ հայտարարության աղաղակող խախտում է: 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի իշխանությունները տոտալ շրջափակում են իրականացնում՝ արգելափակելով պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների հասանելիությունը, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ - ը, Եվրամիությունը, Միջազգային դատարանը, Եվրոպական դատարանը Ադրբեջանին կոչ են անում անհապաղ վերացնել շրջափակումը:
"Ադրբեջանն օգտագործում է սովն ու առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունից զրկելը ՝ հայերին սեփական հայրենիքից դուրս մղելու նպատակով։ EAFJD-ն կոչ է անում RCE - ի ռաբբիներին ճանաչել Լեռնային Ղարաբաղում/Արցախում իրավիճակի լրջությունը եւ հավատարիմ մնալ արդարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին՝ որպես մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին արդարության ձգտման հարցում խիստ կարիք ուներ միջազգային հանրության աջակցության եւ համակրանքի", - ընդգծվում է հայտարարությունում: